ԳլխավորԼուր

Հանրակրթության նոր չափորոշիչ. առաջին փուլի ամփոփում

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Միջոցառման նպատակն էր ամփոփել հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ թե՛ մանկավարժներին, թե՛ կազմակերպիչներին ու վերապատրաստողներին, թե՛ աջակիցներին.

«Այս օրը թող լինի ոչ թե դժվարություններից ու խնդիրներից խոսելու, այլ միմյանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու օր, որպեսզի կարողանանք առաջ գնալ, որովհետև աշխատանքներն ամենևին չեն ավարտվել, և մեզ նոր փորձություններ են սպասվում»։

Հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման ծրագիրը մեկնարկել է 2021 թ. ԿԳՄՍ նախարարության ու Համաշխարհային բանկի (ՀԲ) համագործակցությամբ, այն ֆինանսավորվել է ԵՄ-ի և ՀԲ-ի կողմից։

ՀՀ միջնակարգ դպրոցներում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) կրթության որակը բարելավելու աշխատանքներն իրականացրել է Համաշխարհային բանկը «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի կրթության փորձնական ծրագրի» շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Մյուս վեց առարկաների («Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն և սոցիալական գիտություններ», «Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգություն», «Արվեստ և տեխնոլոգիա») առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերանայման աշխատանքներն իրականացվել են «Կրթության բարելավում» ծրագրի (EIP) շրջանակում:

Չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Ծրագրի շրջանակում աջակցություն է տրվել ուսուցիչներին՝ անցնելու նոր չափորոշիչներով դասավանդմանը, ինչպես նաև վեր հանելու նոր մշակված առարկայական նյութերում առկա և հնարավոր խնդիրներն ու բացերը։

Հանրակրթական նոր չափորոշչի բովանդակությունը, արված աշխատանքը և առաջիկա անելիքները համառոտ ներկայացրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նրա իրազեկմամբ՝ 2023-24 թթ. ՀՀ մյուս ուսհաստատությունները ևս կմիանան բարեփոխումներին. ամբողջական ներդրումը կավարտվի 2026 թ.։ Այս ուսումնական տարում չափորոշչի փորձարկումը կիրականացվի նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

Մինչ փորձարկումը հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ), իսկ բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի (ԲՏՃՄ) մանկավարժների համար՝ «Այբ» կրթական հիմնադրամը:

Միջոցառմանը հրավիրված մասնակիցներն էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչներ (շուրջ 500 մասնակից)։

Միջոցառման ավարտին մանկավարժական թիմին՝ ի դեմս տնօրենների, մենթոր ուսուցիչների և կազմակերպչական թիմին, վերապատրաստողներին հանձնվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր: