ԳլխավորԼուր

1340 ուսուցիչ կզրկվի աշխատանքից, եթե կամավոր ատեստավորում չանցնի. նախարար

Ժաննա Անդրեասյան

Առանց կամավոր ատեստավորում անցնելու` աշխատանքը չեն կարող շարունակել այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ 2022 թ․ կատարողականը ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ։

Մասնավորապես, անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ ուսուցիչների կողմից բարձրաձայնված այն հարցին, թե կարո՞ղ են միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն առանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու շարունակել աշխատել, այն դեպքում, երբ մասնակցել են պարտադիր ատեստավորմանը, հավաքել համապատասխան կրեդիտներ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առանց կամավոր ատեստավորում անցնելու` աշխատանքը չեն կարող շարունակել այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն:

Նա պարզաբանել է, այդ ուսուցիչները 12 տարի ժամանակ ունեին ստանալու համար բարձրագույն կրթություն։ Ըստ նախարարի՝ հանրապետությունում միջին մասնագիտական կրթություն ունեցող 1340 ուսուցիչ կա: Այժմ շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, ըստ որի` այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, հնարավորություն կստանան մասնակցել կամավոր ատեստավորմանը։

Սահմանված շեմը հաղթահարելու և համապատասխան միավորներ հավաքելու դեպքում նրանք կկարողանան շարունակել իրենց աշխատանքը` ունենալով կամավոր ատեստավորման նույն արտոնությունները, ինչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները: