Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծը այս շաբաթ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։
Կուզեի ընդգծել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հետևյալ դրույթների ավելացումը, Facebook-յան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Արձագանքելով դպրոցների կուսակցականացման և քաղաքական գործընթացների մեջ ներքաշման մտահոգություններին՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել և լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ,
— հաշվի առնելով բազմաթիվ դեպքեր, երբ նախկին տնօրենների մասով իրականացվում է քրեական հետապնդում, որ դադարեցվում է, օրինակ, վնասի փոխհատուցման հետևանքով, սակայն դրանով որևէ արդարացնող հիմք չկա, առաջարկվում է սահմանել, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել և լինել այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:
Սա նշանակում է, որ որևէ մեկը չի կարողանա ուղղակի իր պատճառած ֆինանսական վնասը հատուցելով հաջորդ պահին գալ և հանգիստ մասնակցել տնօրենի նոր մրցույթին, ասես ոչինչ չի եղել։
Ցավոք, նման նախադեպեր մինչ այս գրանցվել են»,-գրել է փոխնախարարը։