ԳլխավորԼուր

Երբ այդ առարկայի ծրագիր մշակենք, եկեղեցու իրավունքը հաշվի կառնենք. Ժաննա Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Կառավարությունը խախտել է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածը։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին որոշմանը։

«Ձեր որոշմամբ` խախտվել է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 8-րդ հոդվածը, որով սահմանվում է եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում։ Հոդվածի առաջին մասի երկրորդ կետում նշվում է, որ եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը, դպրոցներում ներկայացնելու ուսուցիչների թեկնածությունները։ Փաստորեն՝ այս օրենքը խախտվել է, եւ կառավարության որոշմամբ եկեղեցին դուրս է մնացել կրթական այդ գործընթացից։ Ինչպե՞ս եք դուք հաղթահարել այս օրինախախտումը»,-ասաց Թագուհի Թովմասյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:

Վերջինս պատգմավորին ի պատասխան նախ հույս հայտնեց, որ նա կարդացել է օրենքը. «Այն վերաբերում է միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, երբ այդ առարկայի ծրագիր մշակելու նպատակ ունենանք, եկեղեցու իրավունքը հաշվի կառնենք: Եթե ուշադրությամբ հետևել եք հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, մենք նման առարկայի ծրագիր չենք մշակել, հետևաբար` ձեր այդ դիտարկումը ընդհանրապես տեղին չէ, հուսով եմ` սա ձեզ համար պարզ է, որովհետև իրավական տեսանկյունից ուղղակի մի բան եք ասում, որը գոյություն չունի»,-ասաց նախարարը: