ԳլխավորԼուր

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ցանկանում ենք ներդնել նաև Երևանում. նախարար

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ կարևորելով ծրագրի արդյունավետ իրագործումը ՀՀ մարզային դպրոցներում:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ սննդով:

««Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ցանկանում ենք ներդնել նաև Երևանում: Բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել՝ հասկանալու, թե որ մոդելով է առավել արդյունավետ ծրագիրն իրագործել Երևանում»,-ասել է նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած պարենային և կրթական խնդիրներին: