ԳլխավորԼուր

Աշխատանքային խմբերը ձևավորված են․ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին

Հայաստանում նոր ռուսական դպրոցներ բացելու ուղղությամբ աշխատանքային խմբերը ձևավորված են, մի քանի հանդիպումներ են եղել հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի բացման ժամանակ՝ անդրադառնալով նախօրերին տարածված այն տեղեկությանը, թե Հայաստանում պատրաստվում են 4 նոր ռուսական դպրոց բացել։

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ Ռուսաստանի լուսավորության փոխնախարար Դենիս Գրիբովի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանը ԱՊՀ երկրներում ռուսական դպրոցների կառուցման ծրագիր է իրականացնում։ Նախատեսվում է ռուսական 4 դպրոց բացել Հայաստանում։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քննարկվում է հիմնականում երկու ուղղությամբ հարցեր՝ մեկն այն համագործակցությունն է, որ կարող է լինել օրենսդրության շրջանակում։

«Ես արդեն խոսել եմ հայ-չինական դպրոցի մասին, որը շատ լավ օրինակ է նման համագործակցության, մենք հնարավոր ենք համարում նմանատիպ համագործակցություն ՌԴ-ի հետ, և երկրորդ ուղղությունը ՌԴ քաղաքացիների, որոնք գտնվում են Հայաստանում, կրթական իրավունքի ապահովումն է, որը պատրաստ ենք ամեն կերպ կարգավորել»,-ասաց նախարարը։