ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գրան պրի» մրցանակակիր Մաշա Մնջոյանին

Անահիտ Գալստյան, Վրեժ Կիրակոսյան, Մաշա Մնջոյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի, «Գրան պրի» մրցանակի դափնեկիր Մաշա Մնջոյանին և Մանկական կատարողների 22-րդ երաժշտական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 11-ամյա Անահիտ Գալստյանին:

Նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին հաջողությունների առթիվ և նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ոլորտի զարգացմանը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկապես բարդ և մարտահրավերներով լի օրերին մշակույթի դերը շատ կարևոր է, քանի որ մշակույթից դրական էներգիա է գալիս, որը դժվար օրերին օգնում է ապրել:

«Ձեր հաղթանակները ոգևորում են թե՛ մեզ, թե՛ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց տաղանդը: Ձեր հաջողությունները ճանապարհ են բացում մյուսների համար, քանի որ դուք լավ օրինակ եք, որպեսզի նրանք ևս հավատան իրենց ուժերին»,- դիմելով հյուրերին՝ ասել է նախարարը:

«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ գնահատանքի խոսքերը խրախուսող են և մղում են առաջ գնալ:

«Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ»,- ասել է երգչուհին:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մաշա Մնջոյանին
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մաշա Մնջոյանին

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը, որը հանրային քննարկման ավարտից հետո սահմանված կարգով կհաստատվի:

Հանդիպմանը ներկա է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: Նշենք, որ վերոնշյալ մրցույթում Հայաստանի մասնակցությունը համակարգել է հիշյալ քոլեջը:

Անահիտ Գալստյան
Անահիտ Գալստյան
Անահիտ Գալստյանն ու Ժաննա Անդրեասյանը
Անահիտ Գալստյանն ու Ժաննա Անդրեասյանը
Մաշա Մնջոյան
Մաշա Մնջոյան
Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Գալստյան, Ժաննա Անդրեասյան, Մաշա Մնջոյան
Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Գալստյան, Ժաննա Անդրեասյան, Մաշա Մնջոյան