ԳլխավորՀայտնիները` ուսանող

Կուրսում հաշտարարի դեր էի տանում, նաև հեղափոխական էի, պայքարող. Սրբուկ

Սրբուկ

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը։

Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Սրբուկն է (Սրբուհի Սարգսյան): Նա 2017-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Ասում է` իր ուսանողական տարիները բուռն էներգիայի տարիներ էին, երբ ցանկանում էր շրջապատում շատ բաներ ավելի լավը դարձնել.

«Բավական ակտիվ ուսանող եմ եղել: Երբ ինչ-որ բան ինձ դուր չէր գալիս, պայքարում էի, որ փոխվեր, ավելի լավը դառնար, ընդ որում ոչ միայն ինձ, այլև համակուրսեցիներիս համար: Հիշում եմ, որ դասախոսներս ասում էին` դու հեղափոխական ես, միշտ պայքարում էի արդարության համար: Մեզ համար հենց պայքարի ընթացքն էր հետաքրքիր: Ասեմ, որ ես կուրսում նաև հաշտարարի դեր էի տանում, չէի սիրում, երբ մեկը մյուսից նեղացած էր լինում: Ամեն ինչ անում էի, որ իրավիճակը շտկվի: Բոլորը դա հիշում են»,-նշում է Սրբուկը:

Նա շեշտում է` կցանկանար Կոնսերվատորիայում լիներ այնպիսի մթնոլորտ, որ երբ մուտք գործես՝ անմիջապես զգաս այդտեղի շունչը.

«Պետք է զարգացնել այն մշակույթը, որ եթե Կոնսերվատորիայում սովորող երաժիշտը ցանկանում է, օրինակ, ստեղծագործել, նրան տան առանձին սենյակ, դրա համար հնարավորություններ, ոչ թե նույնիսկ դասամիջոցներին արգելեն նվագել, երգել: Այդ ամենը երաժիշտներին քառակուսի է դարձնում»:

Ուսանողական տարիներին սովորելուն զուգահեռ Սրբուկը նաև աշխատում էր, ուներ խումբ, այդ պատճառով ուսանողական տարիների հետ կապված հիշողությունները բավական վառ են և բուռն. «Անընդհատ ինքս ինձ համար նոր բաներ էի բացահայտում: Միշտ հավատացել եմ, որ մեծ բեմ եմ բարձրանալու, և երբ այդ ամենը եղավ, արդեն պատրաստ էի, փորձում էի վայելել ընթացքը»,-եզրափակեց Սրբուկը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ