ԳլխավորԼուր

Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Ռաիսա Մկրտչյան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի Հանրային ռադիոն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ մարտի 29-ին նշեց ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Կարոտ» միջազգային փառատոնի ոսկե մեդալակիր, պրոֆեսոր Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակը:

Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես եկան արտիստի ընկերներն ու աշակերտները՝ կատարողական արվեստի ավագ և երիտասարդ սերունդների վարպետներ և կոլեկտիվներ՝ Ռուբեն Մաթևոսյան, Աննա Մայիլյան, Արթուր Իսպիրյան, Գեորգի Մանգասարյան, Իրինա Զաքյան, Նունե Եսայան, Արմինե Սարգսյան, Սոնա Սարգսյան, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ և, իհարկե, ինքը՝ հոբելյարը։

Ռաիսա Մկրտչյանը ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության ոսկե ֆոնդում։ Հարյուրավոր համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր անկյուններում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում։