ԳլխավորԼուր

Զինվորի հետ, զինվորի կողքին. ծանրոցներ ԱրՊՀ-ից՝ զինծառայողներին

ԱրՊՀ ուսանողական խորհուրդը կյանքի կոչեց «Զինվորի հետ, զինվորի կողքին» նախաձեռնությունը, որի շրջանակում ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների կողմից առաջին անհրաժեշտության պարագաներով ու քաղցրավենիքով ծանրոցներ են ուղարկվել սահմանը պահող զինծառայողներին՝ զինվորին ուղղված գրառումներով:

«Մեր հայրենիքը պահելու համար յուրաքանչյուրը յուրովի պետք է հայրենյաց պաշտպան լինի: Այս նախաձեռնությամբ մենք այս կերպ փորձում ենք մեր ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործին:

Այսօր մեր տղաները պաշտպանում են մեզ, ապահովում մեր անվտանգությունը, իսկ մենք պարտավոր ենք ցույց տալ, որ նրանց թիկունքն ամուր է»,-նշել է ԱրՊՀ ուսանողուհի Սնեժանա Թամրազյանը:

Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու, և ուսանողները պատրաստակամությամբ ու մեծ սիրով են միանում նախաձեռնությանը, ինչը խորհրդանշում է բանակ-հասարակություն ամուր կապը, և որ ԱրՊՀ ուսանողը միշտ զինվորի կողքին է, նրա հետ:

«Սահմանին կանգնած մեր տղաների համար անչափ կարևոր է այն գիտակցումը, որ մեր հասարակության հայացքը սևեռված է իրենց, նրանք են մեր հույսը, պաշտպանը, ապավենը: Ծանրոցները նյութական արժեքով չեն կարևորվում, այլ այն բարոյական մեսիջով, որ հղել են նրանց մեր ուսանողները»,-կարևորելով նախաձեռնությունը՝ ընդգծել է ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: