ԳլխավորԼուր

Ինչպե՞ս ստանալ կենսաչափական նոր անձնագիր կամ նույնականացման քարտ. «Երևան մոլ»-ում բացվեց «ՀայՓաս»-ի գրասենյակը

«ՀայՓաս» ընկերության գրասենյակը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում

Հայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։

Այսօր «Երևան մոլ» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։

Այսօր տեղի է ունեցել նաև «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։

Բացման արարողության շրջանակում Ռեջիս Բուշյեն ներկայացրել է eIDAS միջազգային բարձրագույն ստանդարտով կառուցված ենթակառուցվածքը, որն ապահովում է փաստաթղթերի անվտանգ էկոմիջավայր։ Ըստ պայմանագրի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ողջ արտադրական պրոցեսը խորությամբ կդիտարկվի և կգնահատվի եվրոպական փորձագիտական խմբի կողմից, և ենթակառուցվածքը կսերտիֆիկացվի։

Ինչպես ստանալ կենսաչափական նոր փաստաթուղթ

  • Բիոմետրիկ փաստաթղթերը ստանալու համար անձը նախ պետք է անցնի նախագրանցում «ՀայՓաս»-ի կայքում, որից հետո էլեկտրոնային իր հասցեին կստանա QR կոդ։
  • Վճարումներն իրականացվում են մինչև գրասենյակ այցելելը` առցանց` անկանխիկ եղանակով։
  • Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28 650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5 950 դրամ։
  • Արդեն գրասենյակում անձը կհանձնի միայն մատնահետք ու կլուսանկարվի, այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով` առանց աշխատողների օգնության։
  • 14 աշխատանքային օրվա ընթացքում անձը կստանա կենսաչափական (բիոմետրիկ) փաստաթուղթ։

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է բացել 23 սպասարկման կետեր։ Նախնական փուլում կգործեն 14-ը, որոնցից 2-ը՝ Երևանում, իսկ 12-ը՝ մարզերում։ Նոյեմբեր ամսին նախատեսվում է «Հայփաս»-ի գրասենյակ բացել նաև մայրաքաղաքի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում։

Նոյեմբերի 1-ից գործող փաստաթղթերն ինքնաբերաբար անվավեր չեն դառնում։ Գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը պահպանում են իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը․ դրանք անհապաղ փոխարինելու պահանջ չկա։

Նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար քաղաքացին պարտավոր չէ նախ փոխարինել գործող՝ հին նմուշի նույնականացման քարտը նորով․ հին նմուշի նույնականացման քարտով ևս հնարավոր է դիմել նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։

Նախագրանցման հնարավորությունը հասանելի է «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում՝ www.haypass.am

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

«ՀայՓաս» ընկերության գրասենյակը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը «ՀայՓաս»-ի տվյալների կենտրոնում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը «ՀայՓաս»-ի տվյալների կենտրոնում