Սեպտեմբերի 23-ին կայացել է Արցախի պետական համալսարանի 2021-2022 ուստարվա 340 առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի ղեկավար կազմը, ուսանողներ և հյուրեր, տեղեկացնում են ԱրՊՀ-ից։
Երդման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոս տղաների:
ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, շնորհավորել է նրանց բուհ ընդունվելու կապակցությամբ՝ նշելով.
«Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, բայց պետք է լավատեսությամբ նայենք առաջ: Մաղթում եմ, որպեսզի ձեզ ընձեռված ժամանակը օգտագործեք լավագույնս արդյունավետ՝ գիտելիք ստանալն ու զարգանալը դարձնելով գերնպատակ»:
Երդման տեքստն ընթերցելու պատիվն այս տարի վերապահված էր տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մարիամ Վարդանյանին, ով իր և բոլոր առաջին կուրսեցիների անունից երդվեց «վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմահ գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»:
Ուսանողներին ողջույնի և շնորհավորանքի խոսք է հղել նաև ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը.
«Դուք երդվեցիք բարձր պահել ուսումնառության և ակտիվության դրոշը: Ցավոք, մեզ հետ այդ նույնը կարող էին երդվել մեր հերոս տղաները: Եկեք այսօր հնչեցրած երդումը պահենք մեր հոգում և հավատանք, որ ամեն ինչ դեռ առջևում է՝ մեր հաջողությունները, մեր ձեռքբերումները, մեր համալսարանի պատիվը և Ձեր լուսավոր ապագան»,- իր խոսքում նշել է Վ.Յարամիշյանը՝ հավելելով, որ առաջադիմության, ակտիվության, համախմբվածության և կազմակերպվածության շնորհիվ կհասնենք մեր առջև դրված բոլոր նպատակներին:
Առաջին կուրսեցիներին շնորհավորանքի խոսք է հղել նաև 2020-2021 ուս. տարվա շրջանավարտ Ինեսսա Առուստամյանը, ով շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ դասախոսական կազմին՝ ուսումնառության տարիներին անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ստանալու համար:
«Պատերազմը մեզ դարձրեց ավելի ուժեղ: Մենք պարտավոր ենք ապրել ու արարել Արցախում՝ մեր ստացած գիտելիքները ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու շենացմանը»,- նշել է Ի. Առուստամյանը՝ առաջին կուրսեցիներին մաղթելով ուսումնագիտական հաջողություններ և ձեռքբերումներ:
Ընդունելության արդյունքներով ամենաբարձր միավորներ վաստակած առաջին կուրսեցիներն ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստացել են ԱրՊՀ ռեկտոր Ա.Սարգսյանի, պրոռեկտորներ Վ. Յարամիշյանի և Վ. Ավանեսյանի կողմից:
Comment here
You must be logged in to post a comment.