ԳլխավորԼուր

Օտարերկրյա ուսանողներին թույլ չեն տալիս հեռանալ Ուկրաինայից. ՌԴ ՊՆ

Ռմբակոծված Խարկովը

Ուկրաինայում ազգայնական գումարտակները շարունակում են որպես «կենդանի վահան» օգտագործել ու պատանդ պահել շուրջ 5 հազար օտարերկրացու, հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Խարկովում մոտ 1500 ուսանող կա Հնդկաստանից, Հորդանանի 200 քաղաքացի, Եգիպտոսի 40 քաղաքացի, Վիետնամի 15 քաղաքացի։

Սումիում կա Հնդկաստանի 576 քաղաքացի, Տանզանիայի՝ 159, Չինաստանի՝ 121, Եգիպտոսի՝ 60, Հորդանանի՝ 45, Թունիսի՝ 15, Զամբիայի՝ 14 քաղաքացի, 100 ուսանող Գանայից, 16 ուսանող Պակիստանից։

Միզինցևը հայտնել է, որ Սումիում պակիստանցի մի խումբ ուսանողներ փորձել են դուրս գալ քաղաքից, սակայն ծեծի են ենթարկվել ազգայնակաների կողմից ու վերադարձել են հանրակացարան։

Նախորդ օրն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, որ Խարկովի երկաթուղային կայարանում պատանդի կարգավիճակով պահվում են Հնդկաստանի մոտ 3 հազար քաղաքացի, հիմնականում՝ ուսանողներ։

Նա նշել է նաև, որ ծայրահեղական ազգայնականները կրակ են բացել չինացի ուսանողների ուղղությամբ, որոնք ցանկացել են դուրս գալ Խարկովից, 2 ուսանող վիրավորվել է։

Ավելի վաղ ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան տեղեկացրել էր, որ եվրոպական բուհերը սկսել են հեռացնել ռուսաստանյան ուսանողներին՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբ էլ՝ մարտի 2-ին Խարկովում հրետակոծության հետևանքով մեկ հնդիկ ուսանող է սպանվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները (Ուկրաինայի տարածքում-խմբ.), իսկ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ զորամիավորումները սկսել են ռազմական հատուկ գործողություններ Ուկրաինայի տարածքում։ Նպատակը՝ երկրի ապաազգայնականացում, ապառազմականացում, չեզոքության պարտադրում ու Ղրիմի՝ Ռուսաստանի մաս ճանաչում։