ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ, Ճարտարապետների միության դահլիճում:
Համերգային ծրագիրը ընդգրկել է հեղինակային ստեղծագործություններ, նոր գործիքավորումներ, երաժշտական նոր ձևավորումներ, արտասահմանյան և հայ հեղինակների դասական ջազային ստեղծագործություններ: Նվագախումբը հանդիսատեսի դատին է հանձնել նաև իր նոր տեսահոլովակը:
Համերգի հատուկ հյուրերն էին Դավիթ Մելքոնյանը (ալտ և սոպրանո սաքսոֆոն), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Կարեն Մամիկոնյանը (ստեղնաշարային գործիքներ), Արթուր Իսրայելյանը (տրոմբոն), Էդգար Ավետիսյանը (բաս կիթառ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Ղեկավար` Տիգրան Սուչյան, գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Դանիելյան, ինֆորմացիոն հովանավոր՝ Ջազի հայկական ասոցիացիա: