ԳլխավորԼուր

«Կարմիր կակաչներ», «Նորից բացվում է լուսաբացը», «Բաց կեղևդ, ծառ»… Ռուբեն Հախվերդյանի մենահամերգն էր

Անկանխատեսելի, հուզական և միշտ ռոմանտիկ ու սիրահարված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը երկրպագուներին տոն նվիրեց «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով մենահամերգին, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Համերգին հեղինակային երգի սիրահարները վայելելել են Հախվերդյանի «Խոսքեր», «Ճերմակ ձիս», «Մեր սիրո աշունը», «Սա Երևանն է», «Բարի լույս, տիկին Արուս», «Իմ փոքրիկ նավակ», «Բաց կեղևդ, ծառ», «Կարմիր կակաչներ», «Երևանի գիշերներում», «Հիսունից հետո», «Աշնանային էլեգիա», «Երջանկություն» և մի շարք այլ գործեր:

«Բաց կեղևդ, ծառ» ստեղծագործությունը կատարելիս երգահանն ասաց, որ այն իր միակ երգն է, որը գրել է այլ բանաստեղծի՝ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության հիման վրա: Մի առիթով Հախվերդյանը նշել է, որ այն յուրահատուկ է, քանի որ Դավոյանը նույնացրել է իր և իր ազգի ճակատագիրը:

Խոսելով հատկապես դահլիճում ներկա երեխաների սպասված «Իմ փոքրիկ նավակ» երգի մասին՝ երգահանը խոստովանել է, որ այն գրել է ոչ սթափ վիճակում, երբ այցելել է ընկերոջը: Վերջինս նույնպես սթափ չի եղել, սակայն Հախվերդյանին ներկայացրել է երգի երաժշտությունն ու առաջարկել խոսքեր գրել: Երեկոյի ընթացքում ծնվել է «Իմ փոքրիկ նավակ»-ը:

Երբ Հախվերդյանը կատարել է «Կարմիր կակաչներ» երգը, բեմ է բարձրաելվ ՀՀ  ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), որի՝ Հայաստանի գեղեցիկ բնությունն ու մշակույթը ներկայացնող վառ կտավներն այժմ ցուցադրվում են Ֆիլհարմոնիայի ցուցասրահում, և Հախվերդյանին է նվիրել կտավ, որում կարմիր կակաչներ են պատկերված:

Լեփ-լեցուն դահլիճում Հախվերդյանի բոլոր կատարումներն ընդունվել են բուռն ծափողջյուններով ու «բրավո»-ներով:

Համերգային երեկոն կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Comment here