Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել գլխավոր միջոցառումը. թատրոնի VIP սրահում կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա համերգը։
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշ՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին: Նամականիշի վրա պատկերված են Կոնսերվատորիայի շենքի ճակատը և բուհի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի արձանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պետական վերաբերմունքի համար և ասել. «Երաժշտությունը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով: Չնայած բոլոր խնդիրներին՝ Կոնսերվատորիան պահպանել է իր դիմագիծը: Այսօր մենք պատմական ընթացք ենք տալիս գործին, շարունակում ենք 100 տարի առաջ սկիզբ առած շղթան, դեռ բազում սերունդներ են կրթվելու և ներկայանալու աշխարհին»:
Նամականիշի մարման արարողությանը հաջորդել է 100-ամյակին նվիրված գալա համերգը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Կարեն Թռչունյանը:
Համերգն իր շուրջը համախմբել է նաև բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, զոհված ուսանողների ծնողներին, բուհի նախկին ռեկտորներին, անվանի պետական, հասարակական գործիչների, արվեստագետների, դիվանագիտական ներկայացուցիչների, կոնսերվատորիայի գործընկեր կազմակերպություններին, մշակութային հաստատությունների և բուհերի ղեկավարներին։
Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին՝ Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սարաջյանին, Արմեն Սմբատյանին, Շահեն Շահինյանին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։
Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։