ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հանդիպման նպատակն էր քննարկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:
Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ուրախությամբ փաստել, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:
«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Քննարկման ընթացքում կողմերը որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:
Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու և իրականացնելու նպատակով: Խմբի անդրանիկ նիստը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի 28-ին, որին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն:
Հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են նաև արդեն իսկ ձևավորված Ֆրանսիական ինստիտուտի և Շառլ Ազնավուրի թանգարանի տեղակայման խնդիրներին, գործունեության հեռանկարներին:
«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի առկա խնդիրները, ներդրումների ծավալը և առաջիկա անելիքները:
Հիմնադրամը 12,5 մլն դրամի ներդրում է կատարել քոլեջի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայով, երաժշտական գործիքներով համալրման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, հրավիրվում են միջազգային ասպարեզում հայտնի մասնագետներ:
«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել և մասնակիցը դառնալ «Կատապուլտ», «Ստեղծագործ Եվրոպա», «ArtNexus» ծրագրերին, որոնց առանցքային նպատակն է զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները: