ԳլխավորԼուր

Հայաստանում մնացած արցախցի երեխաները հաճախում են ՀՀ դպրոցներ

Արցախի շրջափակման պատճառով Հայաստանում մնացած արցախցի երեխաները

Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով: Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել Արցախի ԿԳՄՍ նախարարության տրամադրած ցանկերը:

ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ակտիվորեն աշխատում են արցախցի երեխաների հետ՝ իրականացնելով հոգեբանական աջակցության տրամադրում:

Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Արցախցի մոտ 270 երեխաներ չեն կարողանում վերադառնալ տուն։