ԳլխավորԼուր

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը 20 տարեկան է

Այս տարի նշվում է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը, որը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Կրթության ոլորտում ներդրած ավանդի և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ «Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիայի նախագահ Լյուկա Մանզարանեսը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։ Այն հանձնել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը` ակնկալելով կենտրոնի հետագա արդյունավետ աշխատանք` ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման։

«Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիան, ի դեմս Լյուկա Մանզանարեսի, որը մինչև այս տարի նախագահել է կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը, կանգնած է եղել կենտրոնի հիմնադրման ակունքներում: Լյուկա Մանզանարեսի և իր տիկնոջ՝ հայազգի Սառա Մանզանարեսի ջանքերով 20 տարվա ընթացքում ամբողջությամբ հիմնանորոգվել է հաստատության շենքը, այն զինվել է Ֆրանսիայից բերված նյութատեխնիկական հարուստ բազայով, կատարվել և շարունակվում են մեծ ներդրումներ մի շարք մասնագիտությունների ներդրման և դրանց զարգացման ուղղությամբ՝ աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան: Վերջինիս նախաձեռնությամբ վերջին 20 տարիների ընթացքում հայ ուսանողների համար հնարավորություն է ստեղծվել ստանալ որակյալ կրթություն ֆրանսիական գործընկերների հետ փոխանակման ծրագրերի շնորհիվ:

Միջոցառմանը ներկայացվել են կենտրոնի գործունեությանն անդրադարձող տեսաֆիլմ՝ «Հետադարձ հայացք կենտրոնի պատմությանը», ինչպես նաև կենտրոնի շրջանավարտների հաջողության պատմությունները: Տեղի է ունեցել նաև մեծահասակների և երեխաների համար նախատեսված հագուստի ցուցադրություն, որը մոդելավորել և պատրաստել են կենտրոնի ուսանողները։

Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրվել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և գործատուների հետ՝ ի դեմս «Քարֆուր Արմենիա» ընկերության, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և «Հովակիմյան լաբ» ընկերությունների՝ ուսանողների համար ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման նպատակով: Միջոցառման ավարտին շնորհակալագրեր են հանձնվել կենտրոնի դասախոսական անձնակազմին և աշխատակիցներին, ինչպես նաև տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն:

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև 1995 թվականին կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի և Լիոնի քաղաքապետարանները, Ռոնի գլխավոր խորհուրդը, Լիոնի «Մասնագիտական ուսուցման ընկերություն» (SEPR) և «Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիան (RAFE) հանդիսանում են կենտրոնի հիմնադիր անդամներ: Մի քանի տարի անց կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ են դարձել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Շվեյցարիայում գործող «Հայկական ալյանս» հիմնադրամը: ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել կենտրոնին՝ նպաստելով մի շարք մասնագիտությունների ներդրմանը և դրանց զարգացմանը:

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն իրականացնում է նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ» «Զարդային դիմահարդարում» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտություններով՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով:

Comment here