ԳլխավորԼուր

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի

Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Այս հաղթանակը մեր բոլորիս հաղթանակն է։ Մենք ցույց տվեցինք, որ միասնական ենք, մենք չենք ընկճվելու, մենք ունենք կամք ու միասնություն»,–ասել է Վարդանյանը։

Նա նշել է նաև, որ այսօրվա ընթացքում հնարավոր է` նաև Լաչինի միջանցքը բացվի, և դա նույնպես արվելու է առանց որևէ նախապայմանի։

«Դա իրենց որոշումն է (ադրբեջանցիների,–խմբ), դա իրենք են որոշել, որովհետև զգացել են, որ իրենք ինչ սխալ են արել։ Որովհետև և՛ այստեղ` ներսում, և՛ դրսում, նրանք ենթարկվել են ճնշումների»,–ասել է Արցախի պետնախարարը։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։