ԳլխավորԼուր

Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել ի աջակցություն Արցախի

Ռուս հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել ի աջակցություն Արցախի։

«Բոլորին քաջ հայտնի է, որ արդեն մի քանի օր է, ինչ միակ ճանապարհը՝ «կյանքի ճանապարհը», որը Հայաստանը կապում է Արցախի հետ, ամբողջովին արգելափակված է։ 120 հազար հայեր, որոնց թվում ՝ 30 հազար երեխաներ, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղերի։ Չկա ոչ բենզին, ոչ դիզելային վառելիք, գազամատակարարումն ամբողջությամբ ընդհատված է։ Որպես բժիշկ, որպես մարդ, դիմում եմ բոլոր այն անձանց, կազմակերպություններին, որոնք կարող են նպաստել «կյանքի ճանապարհի» ապաշրջափակմանը. խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, կանխեք հումանիտար աղետը, որը, ցավոք, արդեն սկսվել է», — ասել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։