Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Հայաստան–Արցախ գազատարն անցնում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով։
«Դրան զուգահեռ Արցախի ժողովուրդն արդեն 32 ժամ գտնվում է ամբողջական շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»,– գրել է Ստեփանյանը։
Գազամատակարարման դադարեցման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի տեղեկատվական շտաբը։
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ։ Իրավիճակի մասին պարբերաբար տեղեկություն կտրամադրվի հանրությանը»,– նշել է տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր։