Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։
Հիշեցնենք՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։