ԳլխավորԼուր

Եթե գազը չանջատվի՝ վաղվանից Արցախում դասերը կվերսկսվեն

Դպրոց՝ Արցախի Շոշ գյուղում

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այն կրկին վերականգնվել է հունվարի 29-ի առավոտյան։

Հավելենք, որ դեկտեմբերի 14-ից Արցախում դադարեցվել են գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների պարապմունքները, իսկ 2023-ի հունվարի 19-ից՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։