ԳլխավորԼուր

Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը. ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ

Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։

Այս մասին նշված է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։

Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։

Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»,-նշել է Արցախի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը դադարել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։

Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները։

Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։

Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել էր գազամատակարարումը։