Ավելի լուրջԳլխավորԽոսք

Կրկին փորձենք՝ ընթացիկ-գալիքում գուցե չկորցնենք

2022-ից էլ բան չհասկացանք, բայց էլի բազմաթիվ մեծ ու փոքր  հարվածներ զգացինք՝ աջից ու ձախից, տակից ու վերեւից։

Ու քանի որ, ֆեյսբուքահայ գիտնականներից բացի, մնացածս միամիտ ու չտեղեկացված էինք, մնացինք սպասողական-կծկված՝ որը բողոքի դիրքով, որը՝ առօրյա գործերի մեջ փախչող-տարրալուծվող, որն էլ՝ «Ուր էիր, Աստված» դնդնացնելով։

Կյանքը կարծես թե շարունակվում է, գոնե օրացույցում թվեր են փոխվում, ցերեկ-գիշեր հերթափոխն էլ ոնց որ թե կատարվում է, մարդիկ են շարունակվում ծնվել, սիրահարվել, դպրոց կամ բուհ գնալ,  սրճարաններ ու փաբերում խմել կամ պարել, կամ էլ լավ խմած՝ իբր թե պարել, կինո գնալ, մեկ-մեկ էլ՝ համերգ, սիրահարվել կամ բաժանվել, ատել կամ պաշտել, վաստակել կամ թալանել, սնվել կամ ուտել՝ որը՝ ուտելիք, որը՝ նյարդեր ու կյանք, որն էլ՝ անկշտությունից, թե չարությունից՝ իր դիմացի իր նմանին։ Կյանքը սառել է բայց զոհվածների ծնողների երակներում, հայացքում, դեմքին…

Կյանքը, արդեն ամբողջական ժողովրդի, դադարեցնելու փորձեր էլ եղան, մեկն էլ դեռ շարունակվում է՝ Արցախ-Հայաստան ճանապարհը սեղմանի տակ դնելով։

Անցածում էլի լիքը բան թողինք-կորցրինք, ընթացիկ-գալիքում գուցե գոնե չկորցնենք։

Կրկին փորձենք։

Usanogh.am