Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց, տեղեկանում ենք փաստաբանի ֆեյսբուքյան էջից։
«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին հերքել «ԼՂ հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»,- ասված է պահանջում։
Հայցում նշված է, որ բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն Արցախը լուծարելու մասին, թեև նման հրամանագիր չի եղել։
Իսկ հայտարարության նպատակը, ըստ հայցի, Հայաստան-Արցախ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։
«Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թվականի հրատարակության դասագրքի «ԼՂՀ-ն՝ չճանաչված պետություն» վերնագրված 5.2 գլխի «Փաստացի անկախություն» ենթավերնագրի և «ԼՂ-ի հայցը միջազգային ասպարեզում. վերադարձ պատերազմին» 5.3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի ուսուցումը»,- նշված է պահանջում։
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական ագրեսիա ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ։ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրել են Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, թշնամու վերահսկողության տակ են անցել այդ թվում Շուշին ու Հադրութը։
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։ Արցախից բռնի տեղահանվեց 115 365 մարդ, այդ թվում՝ մոտ 30 հազար երեխա։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



