ԱրցախԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված 14 848  աշակերտ արդեն հաճախում է դպրոց. նախարար

Արցախից տեղահանված երեխաներ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 14 848  աշակերտ արդեն գրանցված են  ու հաճախում են ՀՀ դպրոցներ։ ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա տվյալներով` Երևանում դպրոց է հաճախում 4 675 աշակերտ, Արագածոտնի մարզում` 707, Արարատի մարզում` 2 068, Արմավիրի մարզում` 1 290, Գեղարքունիքի մարզում` 712, Լոռիում` 883, Կոտայքում` 2 514, Շիրակում` 631, Սյունիքում` 581, Վայոց Ձորում` 322, Տավուշում` 465։

Նա տեղեկացրեց, որ մի փոքր դանդաղել է դպրոցներում աշակերտների գրանցումը, որը, նրա կարծիքով, պայմանավորված է նրանով, որ արդեն մեկնարկել է կացարանների վարձակալության միջնաժամկետ ծրագիրը, և մարդիկ հիմա զբաղված են դրանով։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, շուրջ 21 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ: