ԱրցախԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 2150 ուսանող արդեն դիմել է Հայաստանի բուհեր, քոլեջներ և ուսումնարաններ

Ուսանողները ԵՊՀ-ի բակում՝ սեպտեմբերի 1-ին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 սովորող է դիմել ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում ուսումը շարունակելու համար։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ, իսկ մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի ուսումնական հաստատություններ դիմած  քոլեջների և ուսումնարանների ուսանողները։

«Մեր տպավորությամբ այս համակարգի ուսանողների շուրջ 45-ից 50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար։ Բուհական մակարդակում մենք շուրջ 1155 ուսանողներ ունենք, որոնք արդեն հաշվառվել են մեր պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում։ Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է»,-հավելել է նախարարը՝ նշելով, որ ինչպես արդեն տեղեկացվել է, կառավարության նախորդ նիստում ընդունվել է կրթաթոշակի ծրագիրը, որով և քոլեջների, և բուհերի ուսանողները կրթաթոշակով իրենց ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն կստանան։

«Արդեն հրապարակվել են, բուհերի, քոլեջների և ուսումնարանների ցանկերը և մեր ուսանողները կարող են դիմել այդ հաստատություններից որևէ մեկը, որը հարմար է իրենց, և որտեղ իրականացվում է տվյալ մասնագիտությամբ կրթություն։ Եթե չկա տվյալ մասնագիտությունը, նրանք կարող են դիմել հարակից մասնագիտությամբ՝ որևէ հաստատությունում իրենց կրթությունը շարունակելու համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։