ԳլխավորԼուր

Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Արցախում. Հենրիխ Մխիթարյան

Տեղահանված արցախցի, երեխա

Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Տասը ամիս տևած շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։

Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամանակներից։

Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսանք հայտնում, որ ոչ ոք քայլ չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է մարդասիրական օգնության անհապաղ կազմակերպում Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:

Միջազգային առաջնորդները պետք է ոտքի կանգնեն՝ օգտագործելու բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։

Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»,-հայտարարել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։

Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր։