Արցախի` արդեն 4 ամիս շրջափակված լինելու պատճառով լրջորեն խախտվել է արցախցիների կրթության իրավունքը. մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը ունեն ջեռուցման խնդիր, պարենի, հիգիենայի պարագաների պակաս, խախտվել է քննությունների կազմակերպման կարգը, դիմորդները հնարավորություն չունեն դիմելու հայաստանյան բուհեր:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Usanogh.am-ի հետ զրույցում նախ անդրադարձավ ջեռուցման հետ կապված խնդիրներին.
«Գազամատակարարման դադարեցման պատճառով հատկապես եղանակային տատանվող պայմաններում դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները վերարկուներով են դասապրոցես իրականացնում: Դպրոցները, որոնք ջեռուցվում են էլեկտրականությամբ կամ որտեղ փայտ են վառում, համեմատաբար կայուն կերպով իրականացնում են դասապրոցեսը»:
Նշենք, որ գազամատակարարման ընդհատումներով պայմանավորված` հունվարի 18-30-ը ընդհանրապես չեն գործել Արցախի բոլոր 118 դպրոցները` շուրջ 20. 000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից, իսկ փետրվարի 7-20-ը դադարեցվել է գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը:
Էլեկտրամատակարարման և համացանցի խափանումների հետևանքով մեծապես տուժել են նաև տեխնոլոգիական կրթական ծրագրերը, որոնք հիմնականում դադարել են գործելուց:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է նաև պարենի ու հիգիենայի պարագաների սղության խնդրին. «Հատկապես մանկապարտեզներում և երկարօրյա դպրոցներում առկա է այդ խնդիրը. սննդի և հիգիենայի պարագաների չափաբաժինները, որոնք սահմանված են նորմատիվ իրավական ակտերով, հնարավոր չէ ապահովել: Գրեթե բոլոր մանկապարտեզներն աշխատում են կես օրով, ինչը խնդիրներ է առաջացնում աշխատող ծնողների համար: Ունենք մի իրավիճակ, երբ ծնողները պահանջում են, որ մանկապարտեզները չփակվեն, մինչդեռ վերջիններս բնականոն աշխատանք ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ չունեն»:
Ի դեպ, առանձնահատուկ դժվարություններ են ծագել բաժանված ընտանիքների ու հատկապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթության կազմակերպման հետ կապված, որոնց մի մասը նույնիսկ տևական ժամանակ հրաժարվել է դպրոց հաճախել ընտանիքից հեռու պայմաններում:
Նշենք նաև, որ շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել էին բոլոր 41 մանկապարտեզները, 56 նախադպրոցական խմբերը, մասնակի էր աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, ինչի հետևանքով 6828 երեխա այլևս չէր կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով` զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:
Գեղամ Ստեփանյանը խոսում է նաև ավարտական քննությունների և բուհերի ընդունելության հետ կապված լրջագույն մարտահրավերների մասին. «Արցախցի դիմորդները չեն կարողանալու հայաստանյան բուհերում մասնակցել ընդունելության քննություններին, ունենալու ենք բազմաթիվ բյուրոկրատական խնդիրներ: Օրինակ` ավարտական վկայականները, քննությունների թեստերը Հայաստանից են ուղարկվում Արցախ, բայց այս կաթվածահար իրավիճակը խոչընդոտում է այդ պրոցեսին: Ամեն դեպքում, փորձելու ենք ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի օգնությամբ լուծումներ տալ իրավիճակին»:
Հավելենք, որ այս հարցի վերաբերյալ «Ռադիոլուր»-ին պարզաբանումներ է տվել Գնահատման և թեստավորման կետրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Անդրադառնալով արցախցի դիմորդներին, որոնք, այսպես թե այնպես, արդեն իսկ շրջափակման հետևանքով կորցրել են երկու քննություն հանձնելու հնարավորությունը, նա հայտնել է՝ ԳԹԿ–ում ամեն ինչ անում են, որ նրանք գոնե հիմնական քննության հնարավորությունից օգտվեն։
«Մի բան պետք է արվի, եթե այսպես մնա։ Չեք հավատա, բայց թուղթ ենք ուղարկում, որ տպեն, թուղթ էլ չունեն, սովորական Ա4 ֆորմատի թուղթ»։
Ըստ ԳԹԿ փոխտնօրենի՝ խոսքը 600-800 դիմորդի մասին է։ Բոլոր այն դիմորդները, որոնք ցանկացնում են ընդունվել հայաստանյան բուհեր, կունենան այդ հնարավորությունը, ասել է Նասիբյանն ու հավելել, որ եթե նույնիսկ թուղթ ուղարկելու հնարավորությունը չունենան, առցանց կկազմակերպեն քննությունները։