ԳլխավորԼուր

«Ծնողները քաղաքական նպատակներով են բունտ անում». Խաչփարի դպրոցում մթնոլորտը թեժ է

Դպրոց, դասեսենյակ, աշակերտական նստարան

Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները դեմ են, որ դպրոցի փոխտօրենը, որը նախկինում 17 տարի եղել է տնօրեն, կրկին դառնա տնօրեն, իսկ ինքը` Սուսաննա Եփրեմյանը, Usanogh.am-ի հետ զրույցում նշում է, որ քաղաքական նպատակներով (թե ինչ նպատակների մասին է խոսքը` չմանրամասնեց) ծնողները ցանկանում են ձախողել իր ընտրությունը դպրոցի տնօրենի պաշտոնում:

Shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ  այսօր լարված իրավիճակ է ստեղծվել դպրոցում. բակում  հավաքվել են  գյուղի մի քանի բնակիչներ, որոնց երեխաները սովորում են նշված դպրոցում, և պահանջել են, որպեսզի պատասխանատուները լսեն իրենց ձայնն ու հանգուցալուծում տան դպրոցում տիրող անառողջ մթնոլորտին. 

«Հիմա տնօրենի  նոր պաշտոնակատար է եկել, որն ուժերի ներածի չափով փորձում է դպրոցը ուշքի բերել։ Բայց նախկին տնօրենը, որը դարձյալ հավակնում է տնօրենի պաշտոնին, խոչընդոտում է։ Դպրոցի մարզադահլիճը, սանհանգույցները, դահլիճը, էլ չենք ասում՝ դասարաններն ու ճաշարանը ամբողջությամբ ավերակներ են հիշեցնում։ Բավական է, հոգնել ենք։ Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք էլ բազմաթիվ ծնողների նման մեր երեխաներին կհանենք այս դպրոցից»,-ասել են ծնողները:

Սուսաննա Եփրեմյանը Usanogh.am-ի հետ զրույցում նման մեկնաբանությամբ հանդես եկավ. «Պայմաններ են ուզում… Այնպես չէ, որ ես լավ պայմաններ չեմ ուզում: Ո՞վ չի ուզենա լավ, վերանորոգված դպրոցում աշխատել: Լուսամուտներ ենք փոխել, տանիքն  ենք փոխել,  ջեռուցմամբ ենք ապահովել. աստիճանաբար ամեն ինչ էլ անում ենք: Մեզ այնքան գումար չեն տալիս, որ ամեն բան միանգամից անենք: Ամեն տարի մի բան անում ենք»:

Նա նշեց, որ դպրոցի զարգացման նոր ծրագիր է մշակում, որը մտադիր է ներկայացնել Արարատի մարզպետարան: Ինչ վերաբերում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, Սուսաննա Եփրեմյանի խոսքով, նա տնօրեն դառնալու որևէ հավակնություն չունի:

Բողոքի ակցիա Խաչփարի դպրոցում
Բողոքի ակցիա Խաչփարի դպրոցում