ԳլխավորԼուր

Արցախի ուսումնական հաստատություններում հնչել է նոր ուսումնական տարվա առաջին զանգը

Առաջին դասարանցի արցախցի

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում հնչել է նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող առաջին զանգը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում Գիտելիքի ու դպրության օրվան նվիրված միջոցառման սկզբում հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը իր խոսքում շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայելու` հագեցնելու մեր փոքրիկների հոգևոր ու մտավոր ծարավը: 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո, ցավոք, մենք պարբերաբար բախվում ենք նոր մարտահրավերների, ինչն էլ ստիպում է ապրել ու արարել արտակարգ պայմաններում: Շուրջ ինը ամիս տևող ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, ինչն իր անմիջական անդրադարձն ունեցել և ունենում է Արցախի Հանրապետության գիտակրթական հաստատություններում ուսումնական աշխատաքնները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու գործում: Այնուամենայնիվ, նախարարության կողմից գործադրվում են հնարավոր բոլոր ջանքերը մեր մատաղ սերնդի ու երիտասարդության կրթության իրավունքը պաշտպանելու և անգամ նմանօրինակ ծանր պայմաններում ուսումնական գործընթացը սկսելու ուղղությամբ»,-նշել է Ն. Մկրտչյանը:

Դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը ասել է, որ դպրոցը սիրով կրկին իր դռներն է բացում առաջին դասարանցիների ու բոլոր աշակերտների առջև՝ այս անգամ ավելի մեծ համառությամբ սկսելով ուսումնական տարին:

«Մենք շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս ենք աշխատել: Այս ուսումնական տարում կաշխատենք ավելի մեծ եռանդով, համառությամբ ու հաստատակամությամբ: Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի ու դպրության տոնի առթիվ»,-հավելել է Լ. Ավանեսյանը:

Ծնող Աննա Գրիգորյանը նշել է, որ առաջնեկն է այս տարի հաճախում առաջին դասարան։
«Շատ հուզված ենք, միևնույն ժամանակ՝ շատ մտահոգված: Անկախ ամեն ինչից` բոլորս հավատով ենք լցված և բոլորիս հույսը Աստված է։ Բոլորս երազում ենք, որ մեր բալիկները խաղաղ երկնքի տակ հաճախեն դպրոց ու լավ կրթություն ստանան, ինչպես աշխարհում ապրող մյուս բալիկները»,-հավելել է Ա. Գրիգորյանը:

Արցախի դպրոցներում հնչել է առաջին զանգը

Արցախի դպրոցներում հնչել է առաջին զանգը