ԳլխավորԼուր

Տավուշում միասնական քննություն կանցկացվի նաև հուլիսին. այն փորձարարական կլինի

Հանդիպում Տավուշի մարզի դպրոցների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ նշվել է, որ «Գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական առարկաների քննությունները կիրականացվեն պետական նոր չափորոշչի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան:

Փոխնախարարն անդրադարձել է նաև 4-րդ դասարանի ավարտին սովորողների՝ մեկ միասնական թեստով ուսումնառության վերջնարդյունքների ստուգմանը: 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների վերաբերյալ նշվել է, որ դրանք կանցկացվեն պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխան թեստերով:

Բացի հունվար և հունիս ամիսներին անցկացվող միասնական քննություններից՝ սովորողների համար փորձարարական միասնական քննություն կանցկացվի նաև հուլիս ամսին՝ լրացուցիչ քննությունների համար սահմանված ժամկետում: Միասնական և փորձարարական-միասնական քննություններից շրջանավարտի ստացած ամենաբարձր միավորը համարվում է վերջնական: