Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների տնօրենների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկի ժամանակ։
Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։
Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:
COP17 կլիմայական համաժողովն անցկացվելու է Երևանում հոկտեմբերի 19-30-ը։
Մի քանի այլ տվյալներ, որ ներկայացվել են խորհրդակցության ժամանակ
- Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկ ունեցող երեխաների թիվը նախորդ ուսումնական տարում կազմել է 1 287, իսկ ուսումը փաստացի թողել է 248 երեխա։
- «Արհեստ և արվեստ» և «Անվտանգ կենսագործունեություն և առողջ ապրելակերպ» ուղղություններում միավորային գնահատում այլևս չի կիրառվի։ Այն կփոխարինվի բնութագրիչներով։ Նախատեսվում է բնութագրիչներ մշակել նաև միջին դպրոցի բոլոր առարկաների համար՝ ծնողներին երեխայի առաջընթացի մասին պարբերական հետադարձ կապ տրամադրելու նպատակով։
- 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը կդառնա ավելի ճկուն. Ավագ դպրոցում առանցքային խնդիրներից մեկը 12-րդ դասարանցիների հաճախումներն են, հատկապես՝ հունվարին ընդունելության քննություններ հանձնելուց հետո։ Նախատեսվում է երկրորդ կիսամյակում նրանց համար կազմակերպել ավելի շատ նախագծային աշխատանքներ, խմբակներ և կամավորական աշխատանք, որի դիմաց հնարավոր կլինի կրեդիտներ ստանալ։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտին պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


