Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշը՝ 2669)1.5։0.5 հաշվով հաղթանակ է տարել աշխարհի ամենաբարձր վարկանիշ (2823) ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայկը հաղթել է առաջին պարտիայում, իսկ երկրորդն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
6 պարտիաներից հետո Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Գ խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
6 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։
7-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
Հայկ Մարտիրոսյանը կմրցի Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



