Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Կողմերն անդրադարձել են Ռուս-հայկական համալսարանի դերին՝ որպես միջպետական կարևոր կրթական և գիտական հաստատության։
Հանդիպման շրջանակում ստորագրվել է Ռուս֊հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը։ Նշվել է, որ բուհի կանոնադրությունը ստորագրվել էր 2026 թվականի մարտին՝ նախարարների տեղակալների կողմից։
Որպես համագործակցության ուղղություններ՝ պաշտոնյաները քննարկել են ռուսական և հայկական գիտական կազմակերպությունների ու համալսարանների մասնակցությունը ՌՀՀ բազայի վրա իրականացվող համատեղ հետազոտական և կրթական նախագծերին։
Անդրադարձ է եղել նաև Ռուս-հայկական համալսարանի գիտահետազոտական ստորաբաժանումը Հայաստանում ձևավորվող Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքում ինտեգրելու հնարավորությանը։
Նշվել է, որ 2027 թվականին լրսնում է Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման 30-ամյակը, որի շրջանակում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ՝ երկու երկրների ղեկավարության, կրթական և գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ երկկողմ հանդիպումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռուսաստան-Հայաստան կրթական երկրորդ համաժողովին, որտեղ հանդես եկել ելույթով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


