ԳլխավորԼուր

Սլավոնականի ուսանողները վստահ չեն, որ վավեր դիպլոմներ են ստանալու

Հայ-ռուսական համալսարան

Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին զայրացրել է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկու` վերջերս արած այն հայտարարությունը, թե համալսարանի պատերի ներսում մարդիկ մանիպուլյացիաների են ենթարկվում, և որ համալսարանը վարկանշային ցուցակներում հետընթաց է ապրել: Usanogh.am-ի հետ զրույցում Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի 1-ին կուրսի ասպիրանտ Հրանտ Սարկիսովը տեղեկացրեց, որ բուհի ներսում կրքերը որևէ կերպ չեն հանդարտվում, քանի որ ուսանողները մի շարք մտահոգություններ ունեն, որոնք այդպես էլ չեն փարատվում:

Մոգիլևսկին մասնավորապես նշել է, որ Հայ-ռուսական համալսարանի ղեկավարության փոփոխության համար անհրաժեշտ է թարմացնել միջկառավարական համաձայնագիրը: Նրա խոսքով` հիմնադիրները, պետությունների ներկայացուցիչները չեն կարող չցուցաբերել բավարար քաղաքական կամք՝ բուհի ապագային վերաբերող հարցի լուծման համար: Փոխնախարարը շեշտել է, որ ռուսական կողմն ունի անհրաժեշտ քաղաքական կամք՝ բուհում իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

«Փոխնախարարը առաջ է քաշում Հայ-ռուսական համալսարանում «Ռոստեխ» պետական կորպորացիայի ամբիոն բացելու ծրագիրը: Բայց ռուսաստանյան պետական այդ հիմնարկը առաջիններից է ենթարկվել պատժամիջոցների, եթե այն ամբիոն ունենա համալսարանում, վերջինս միանգամից, ավտոմատ կերպով կհայտնվի սանկցիաների տակ: Մենք, բնականաբար, դեմ ենք դրան»,-ասաց Սարկիսովը:

Նա նաև տեղեկացրեց, որ բուհում ավարտական կուրսերի ուսանողները ստորագրահավաք են սկսել նաև Մոգիլևսկու այն հայտարարությունից հետո, թե համալսարանի հիմնադիր փաստաթղթերը չեն լիազորում հիմնադիրներին՝ նշանակելու համալսարանի ռեկտորի պաշտոնակատար. «Եթե ոչ պատշաճ անձ ստորագրի ուսանողների դիպլոմների տակ, դրանք հետագայում անվավեր են ճանաչվելու: Ուսանողներն ուզում են վստահ լինել, որ իրենց դիպլոմները վավեր կլինեն»,-պարզաբանեց Սարկիսովը:

Նշենք, որ ըստ ՀՀ և ՌԴ միջև միջկառավարական համաձայնագրի՝ համալսարանի գործադիր ղեկավար մարմնի ձևավորման միակ ընթացակարգը ընդհանուր ժողովն է, որին պետք է մասնակցեն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և վարչական ոլորտի աշխատակիցներ։ Ընդհանուր ժողովը գումարում է նիստ ամեն 5 տարին մեկ՝ ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից որոշակի ժամանակ առաջ։

Այժմ ստացվել է այնպես, որ մայիսի 14-ին լրանում է ներկայիս ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ժամկետը, իսկ նոր ռեկտորի ընտրության հարցում հայկական և ռուսական հիմնադիրները հակասում են միմյանց. հայկական հիմնադիրը պահանջում է գումարել ընդհանուր ժողով և ընտրել ռեկտոր, իսկ ռուսական հիմնադիրը նպատակահարմար չի համարում ռեկտորի ընտրությունների անցկացումը մինչև նոր միջկառավարական համաձայնագրի կնքումը:

«Որքան էլ ռուս փոխնախարարը խոսի մեր բուհի վարկանիշի անկման մասին, փաստը մնում է փաստ, որ «QS World University Rankings»-ի տվյալներով` համալսարանն իր վարկանիշով առաջինն է Հայաստանում և երկրորդն է Հարավային Կովկասում, իր դիրքով գերազանցում է հետխորհրդային տիրույթում գործող բազում համալսարանների, այդ թվում՝ ռուսական առաջավոր բուհերի: Տասնյակ տարիների ընթացքում մեր բուհում ձևավորվել է ակադեմիական ազատություն, որը ոչ ոք չի կարող խախտել: Այսօր մենք համալսարանում կռիվ ենք տալիս մեր իրավունքների իրացման համար»,-եզրափակեց Սարկիսովը:

Նշենք, որ ավելի վաղ Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի ֆեյսբուքի էջում տեղադրվել էր հայտարարություն, որով համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի անունից պահանջ էր ներկայացվել ապահովել մայիսի 5-ին կայանալիք ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքը և հաստատել ընտրված անձին որպես ռեկտոր: Այդ առթիվ կազմակերպվել էր նաև ստորագրահավաք, որին մասնակցել էր ավելի քան 3000 հոգի, այդ թվում` ուսանողներ և դասախոսներ:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էլ հայտնել էր, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը․

«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»,-նշված էր ռեկտորի տարածած հայտարարության մեջ: