Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Պատերազմում զոհված ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձան՝ Սլավոնական համալսարանի պուրակում

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Երախտագիտության պուրակը անվանակոչվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված օդաչու Վալերի Դանելինի անունով, իսկ պուրակում տեղադրվել է համալսարանի այն ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձան, որոնք զոհվել են պատերազմի ընթացքում: Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, տեղեկացնում է «Արմենպրես»ը։

Պուրակի անվանակոչման արարողությանը ելույթ ունեցավ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նշելով, որ պուրակը որոշեցին անվանակոչել հենց երկրորդ օրը, երբ Վ.Դանելինի ինքնաթիռը խոցվեց թուրքական կործանիչի կողմից։ Նա ընդգծեց, որ պուրակի անվանակոչումն առավելագույնս մարմնավորում է հայ-ռուսական բարեկամությունը։

Դարբինյանը խորհրդանշական է համարել պուրակը Վալերի Դանելինի անունով կոչելը՝ հիշեցնելով, որ Դանելինն ուներ ռուսական արմատներ, հայկական բանակի սպա էր, որի ինքնաթիռը պատերազմի օրերին խոցվել է թուրքական կործանիչի կողմից:

Դարբինյանը վստահեցրեց, որ հուշարձանի բացումն այն նվազագույն քայլն է, որը կարող էր անել համալսարանը։ Նա շեշտեց, որ հիշողությունները, հուշերը կմնան, իսկ ուսանողները տարածքը որպես հուշատեղի կդիտարկեն։

«Յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի բաժինը, որ տղաները չկան և ճիշտ կլինի փորձենք այն վերաձևակերպել կառուցողական, արարչական արարքի։ Պարտավոր ենք ծաղկուն երկիր ստեղծել, և այս տղաների չարածը անել։ Ուզում եմ խնդրել և կոչ անել բոլոր նրանց, ովքեր ողջ են և այսօր ապրում են այս հողի վրա, այդ մեղքի զգացումը ճիշտ տրանսֆորմացնել արարչական գործի, աշխատել նոր ապագա ստեղծելու ուղղությամբ»,- շեշտեց ռեկտորը։

Հուշարձանը նվիրված է ՀՌՀ զոհված շրջանավարտներ և ուսանողներ Ալբերտ Հովհաննիսյանի, Մխիթար Գալեյանի, Վրեժ Ավետիսյանի, Արման Աղվանյանի, Էդուարդ Չիթչյանի, Էրիկ Ազատյանի, Գագիկ Բրսոյանի, Արեգ Բարսեղյանի, Նորայր Մայիլյանի, Տիգրան Շաշիկյանի, Լևոն Խուրշուդյանի, Բենիամին Նալբանդյանի, Գրիգոր Լեմեշկոյի, Վահե Եղիկյանի, Տիգրան Պողոսյանի, Սուրեն Գաբրիելյանի, Կարապետ Բուռնազյանի և Հակոբ Եղիզարյանի հիշատակին։

Հուշարձանի վրա աշխատել են գրեթե մեկ տարի։ Նկարիչը Ռուբեն Արուտչյանն է, քանդակագործը՝ Ռոբերտ Ասկարյանը։