ԳլխավորԼուր

Ուսանողներն այցելել են Քննչական կոմիտե

Այսօր՝ հունիսի 3-ին, հերթական ճանաչողական այցը տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեում. այս անգամ հյուրընկալվողները «Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողներն էին, տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանն ուսանողներին ծանոթացրեց Քննչական կոմիտեի գործունեությանը, գործառույթներին, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգին՝ պատասխանելով նաև ուսանողներին հուզող հարցերին:

Ճանաչողական այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ապագա իրավագետներին ներկայացրեց «ճանաչման սենյակը», գրադարանը, բացատրեց քննչական գործողությունների կատարման կարգը, ծանոթացրեց քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:

Ուսանողները հանդիպեցին նաև Քննչական կոմիտեի տարբեր վարչությունների քննիչների հետ, ծանոթացան ստորաբաժանումների գործառույթներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հյուրընկալում է հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներին, աշակերտներին, ինչը խթան կարող է հանդիսանալ ապագա իրավագետների գործնական գիտելիքների ձեռք բերման ճանապարհին՝ նպաստելով նաև մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն, որոշում կայացնելուն։

Comment here