Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Խզված ձայնով հրամանատարը ԵՊՀ-ի ուսանողների հյուրն էր

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր համալսարանականների հյուրն էր Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ՀՀ ԶՈւ սպա, ավագ լեյտենանտ Մնացական Ավետիսյանը, տեղեկանում ենք բուհի կայքից։

44-օրյա պատերազմից հայտնի դարձած խզված ձայնով հրամանատարը Մայր բուհ էր այցելել ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ:

Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտը մագիստրոսական կրթություն է ստացել նույն բուհում: Հենց Եվրոպական համալսարանում էլ կրթական ծրագրի շրջանակում ծառայության է անցել ՀՀ ԶՈւ:

«Հայրս, հորեղբայրս, մորեղբայրս զինվորական են, դեռ մանկուց էի որոշել, որ սպա եմ դառնալու: Համալսարանում ուսանելու տարիներին հասկացա, որ գիտական ուղին իմը չէ, ուստի որոշեցի չխանգարել մյուսներին և գնալ իմ ճանապարհով: Ընտրեցի բարդ ուղին, որ ստուգեմ հնարավորություններս»,- ասաց սպան և ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է զինվորական կրթություն ստանա՝ անկախ իր մասնագիտությունից. դա կենսական նշանակություն ունի:

Նազիկ Ավդալյանը ԵՊՀ-ում

Պատասխանելով հանդիպման ներկաների հարցերին՝ երիտասարդ սպան խոսեց բանակում կանանց և հոգևորականների կարևոր դերի մասին, անդրադարձավ նաև պատերազմական դրության ժամանակ լրագրողների աշխատանքի, ինչպես նաև զինվոր-սպա հարաբերություններին և ընդհանրապես սպայի կերպարին:

44-օրյա պատերազմի մյուս խորհրդանիշը դարձած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի մասին խոսելիս, որի անմիջական հրամանատարն է եղել Մնացական Ավետիսյանը, նշեց. «Ալբերտն ընդամենը 19 տարեկան էր: Նա իսկապես մտածում էր, որ իր արձակած յուրաքանչյուր արկ իր նպատակին է հասնելու, խնդիր է լուծելու և վերջնական արդյունքը միայն դրական է լինելու: Կռվելով 20-25 հազարանոց բանակի դեմ՝ մարտնչող Ալբերտն իր հրետանուց ոչ մի քայլ չհեռացավ»:

Դահլիճում էր նաև երիտասարդ սպայի զինվորից մեկի՝ Հայկի մայրը, որը որդու խնդրանքով եկել էր Մնացական Ավետիսյանի հետ հանդիպման՝ շնորհակալություն հայտնելու հրամանատարին պատերազմի օրերին իր կողքին լինելու համար. «Պատերազմի ժամանակ տղաս ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, որը գաղափար չուներ հրետանավորի աշխատանքից: Դուք՝ որպես իսկական սպա, աջակցել եք տղայիս, քաջալերել և հոգ տարել նրա մասին, ինչի արդյունքում նա այսօր անվնաս շարունակում է իր ծառայությունը»:

Comment here