Եղեգնաձորի Արտաբույնք համայնքում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՊՄՀ-ի կերպարվեստի բաժնի ուսանող Նորայր Սողոմոնյանի տուն-թանգարանը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՊՄՀ-ի ռեկտորի խորհրդական, մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանը, ռեկտորի օգնական Ներսիկ Մարգարյանը, զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, հերոսի ուսուցիչներն ու ընկերները։
Տեղեկությունը հայտնում են ՀՊՄՀ-ից։
Տուն-թանգարանում, որն ի սկզբանե նախատեսված էր որպես արվեստանոց, ներկայացված են Նորայր Սողոմոնյանի աշխատանքները, երաժշտական գործիքներ, անձնական իրեր։
Ռեկտորի խորհրդականը բուհի ղեկավարության անունից զոհված զինծառայողի մորը՝ Սյուզաննա Վարդանյանին, փոխանցեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։
Տուն-թանգարանի բացման արարողությանը ելույթ ունեցան նաև զոհված զինծառայողների մայրեր, հերոսի դասղեկն ու դպրոցի տնօրենը, ՀՀ ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում անմահացել է Մանկավարժական համալսարանի 43 ուսանող։