ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողները մասնակցել են «Հայ բույս» փառատոնին

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս — 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ, հայտնում են ԵՊՀ-ից:

ԵՊՀ-ն ներկայացնող ավելի քան հիսուն մասնակիցները, ամենամյա ավանդույթի համաձայն, փառատոնին ներկայացել էին իրազեկող տաղավարով: Այս տարվա խորագիրն էր՝ «Ինչպե՞ս մասրենու պտուղներում պահպանել C վիտամինի առավելագույն քանակ»։ Ուսանողները փառատոնի մասնակիցներին ներկայացրին մանրադիտակային սնկերով օդի աղտոտվածության հիմնախնդիրը՝ առաջարկելով օդի մաքրման առավել անվտանգ և հասանելի եղանակներից օգտագործել ֆիտոնցիդային ակտիվությամբ օժտված բույսերը և օդը մաքրող նորագույն սարքավորումները։

Փառատոնի մասնակիցներին հետաքրքրեցին ուտելի և բուժիչ  հատկություններով օժտված գլխարկավոր սնկատեսակները։ Ամբիոնի ներկայացուցիչներն ուսանողների հետ ներկայացրին կախասունկ սովորականի աճեցման անթափոն տեխնոլոգիան՝ որպես սուբստրատ օգտագործելով թուղթը։

Փառատոնի ավարտին ԵՊՀ ուսանողները մասնակցեցին հայկական լավաշով, պանրով և զանազան կանաչիներով բրդուճի պատրաստմանը, որն ուներ հիսունվեց մետր երկարություն։