ԳլխավորԼուր

Առաջին կուրսեցիները՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն այսօր ողջունեց 2020-2021 ուսումնական տարվա «Պատմություն» կրթական ծրագրի առաջինկուրսեցիներին, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Հակոբ Հարությունյանը։

Առաջին կուրսի ուսանողներին իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։

Նա պատմական էքսկուրս կատարեց առաջինկուրսեցիների համար՝ ներկայացնելով Երևանի պետական համալսարանի և նրա հիմնադիր ու առաջին՝ Պատմության ֆակուլտետի անցած ճանապարհը․ «Մեր ֆակուլտետը հիմք է դրել լավագույն ավանդույթների, որոնց շարունակողները դուք պետք է լինեք»։

Ֆակուլտետի դեկանը հիշեցրեց, որ ԵՊՀ-ում առաջին ընտրված ռեկտորը և հետագայում 22 ռեկտորներից 8-ը եղել են պատմաբաններ, որոնցից 4-ը՝ Պատմության ֆակուլտետի շրջանավարտներ։ Է․ Մինասյանը նշեց, որ իրենց ֆակուլտետի շրջանավարտները միշտ էլ բարձր հեղինակություն են վայելել գիտության, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։

Է․ Մինասյանն առաջին կուրսի ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, պատմեց դիպլոմների հանձնման արարողության մասին և ծանոթացրեց իր տեղակալների ու դեկանատի աշխատակցուհու հետ՝ հորդորելով ուսանողներին դիմել նրանց ցանկացած հարցով։

Ապագա պատմաբաններին ողջունեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։ Նա հույս հայտնեց, որ համավարակի պայմաններում ուսանողները կստանան առավելագույնն ուսումնական գործընթացից, և շուտով, հաղթահարելով այս իրավիճակը, բոլորը կվերադառնան բնականոն կյանքին։

Հայոց պատմության ամբիոնի վարիչն ասաց, որ այս մասնագիտությունը պատմության ընկալումն է որպես կիրառական գիտություն։ Նա նշեց, որ պատմությունից դասեր քաղելը մեզ համար անհրաժեշտություն է։

«Հնարավոր է ձեր շարքերում հիմա նստած է Հայաստանի Հանրապետության օրինակ 7-րդ նախագահը, 10-րդ վարչապետը կամ ապագայում շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մեկը։ Դրա համար շատ կարևոր է մեր ազգային արժեհամակարգին լավ տիրապետելը։ Իսկ ազգային արժեհամակարգի առանցքային, կարևորագույն հիմքերից մեկը մեր ժողովրդի պատմությունն է, մեր ինքնության անցած ճանապարհի պատմությունը»,- նշեց Ա․ Մովսիսյանը։

Նա նույնպես միացավ շնորհավորանքներին և հորդորեց առաջինկուրսեցիներին ճիշտ օգտագործել ամենաթանկ բանը՝ ժամանակը։

Ողջույնի խոսքերից հետո Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական գործընթացը և պատասխանեց բոլոր հարցերին։ Այնուհետև դեկանի մյուս տեղակալ Հայկ Մխոյանը բացատրեց առցանց ուսուցման հարթակից օգտվելու կանոններն ու բաժանեց ուսանողական տոմսերը։

Comment here