Հայաստանի տարբեր բուհերից 17 մրցութային և 2 արտամրցութային թիմեր մասնակցեցին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ծրագրավորման՝ աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթի՝ «ICPC»-ի Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլին: ԵՊՀ-ն ներկայացնող «Yerevan SU-1» (1-ին հորիզոնական) և «Yerevan SU-X» (2-րդ հորիզոնական) թիմերն անցան կիսաեզրափակիչ փուլ:
ԵՊՀ ծրագրավորման օլիմպիական թիմերի մարզիչ Արմեն Անդրեասյանը Ysu.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի պետական համալսարանի հինգ թիմերից յուրաքանչյուրը պատրաստվել էր լավագույնս: Նրա խոսքով՝ թիմերն ունեն գիտելիքների առավելագույն պաշար եզրափակիչ փուլ անցնելու համար:
«Yerevan SU-1» թիմի անդամները՝ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը և Դավիթ Մարգարյանը, մրցույթին մասնակցելու փորձ ունեն: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենք թիմային աշխատանքի կողմնակից են, և բարդագույն ու հետաքրքիր խնդիրների լուծումներ գտնելու ընթացքը շատ մոտիվացնող է:
Սամվելն ասաց, որ կարևորում է ուսանողների՝ տարաբնույթ մրցույթների, տվյալ դեպքում ինֆորմատիկայի միջազգային և ամենահեղինակավոր մրցույթին մասնակցությունը, որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է ծրագրավորման որևէ լեզվի տիրապետել, գիտելիքներ ունենալ ալգորիթմներից ու տվյալների կառուցվածքներից:
«Մեր թիմը դեռևս դպրոցական տարիքից զբաղվել է ծրագրավորմամբ և դպրոցական միջազգային օլիմպիադաների մասնակցելով՝ գրանցել հաջողություններ: Այս անգամ ևս բավականին լավ ենք պատրաստվել, մարտական ենք տրամադրված»,- նշեց Սամվելը:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Նելլի Վարդանյանը և Աստենիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով մրցույթին մասնակցելու հնարավորության մասին, որոշել են փորձել իրենց ուժերը: Նրանք նշեցին, որ իրենց ավագ ընկերների հաջողություններն ավելի են ոգևորում, և մեծ սպասելիքներ ունեն: Միաժամանակ մեծ է պատասխանատվությունը՝ անելու ամեն բան, որպեսզի ԵՊՀ թիմը նախորդ տարվա նման գրանցի մեծ հաջողություններ:
ԵՊՀ ասպիրանտ Լևոն Մուրադյանը «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային մրցույթին մասնակցել է վեց տարի անընդմեջ և երկու անգամ անցել է եզրափակիչ փուլ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս տարի ևս կան ուժեղ թիմեր, որոնք վստահաբար կհասնեն մինչև եզրափակիչ փուլ:
«Կարծում եմ՝ թիմերում ընդգրկված են այնպիսի ուսանողներ, որոնք համատեղ թիմային աշխատանք կատարելու շնորհիվ կգրանցեն բարձր արդյունքներ: Պարզապես աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է ուշադիր լինել»,- ընդգծեց Լևոնը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ թիմը 2022 թ. ապրիլին «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային օլիմպիադայում գրանցել էր աննախադեպ արդյունք՝ արժանանալով բրոնզե մեդալի: