ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր

Տեղեկատվական կենտրոն ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում այսօր ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների ու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ հստակեցվել ու մասնավորեցվել են ԵՊՀ ներուժն ու ռեսուրսները և Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։

Մասնավորապես՝ ակնկալվում է ձևավորել աշխատանքային 6 խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։

Տեղեկատվական կենտրոն ԵՊՀ-ում
Տեղեկատվական կենտրոն ԵՊՀ-ում

Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Առանձին խմբեր էլ աշխատելու են իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։

ԵՊՀ-ն գործընթացն առավել համակարգված կազմակերպելու նպատակով ակտիվորեն հաղորդակցվում է պետական մի շարք գերատեսչությունների հետ։

Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում աշխատող տեղեկատվական թիմի անդամներին՝ գրանցման և աշխատանքային խմբերին միանալու համար։