ԳլխավորԽճանկար

ԵՊՀ ուսանողներն առաջին անգամ Կատարի համալսարանում են

ԵՊՀ ուսանողներն առաջին անգամ Կատարի համալսարանում են

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողներ Արմինե Կարապետյանը, Անահիտ Քոչարյանը և Միլենա Համբարձումյանը 2023-2024 ուստարում կրթություն են ստանում Կատարի համալսարանի Ոչ լեզվակիրների համար արաբերենի ուսուցման կենտրոնում։

Կատարի համալսարանում ուսանելու հնարավորություն

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և Կատարի համալսարանի նախագահ Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամի՝ երկու բուհերի միջև կնքած համաձայնագիրը հայ-կատարական հարաբերությունների պատմության մեջ կրթագիտական առաջին գործակցությունն է, որի շրջանակում էլ ԵՊՀ ուսանողներն այժմ սովորում են Կատարի համալսարանում:

Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն լեզվի իմացության տարբեր մակարդակ ունեցող անձինք, քանի որ Կատարի համալսարանն ունի դասընթացներ արաբերենի լեզվական բոլոր մակարդակների համար: Արմինեն, Անահիտն ու Միլենան ընտրվել են մրցութային կարգով՝ ըստ ընդհանուր առաջադիմության: Նրանք Կատարի մայրաքաղաք Դոհայում ստանում են անվճար կրթություն, դասագրքեր, կեցության հարմարավետ պայմաններ, ինչպես նաև ամսական կրթաթոշակ՝ առօրյա ծախսերը հոգալու համար։

Ysu.am-ի հետ զրույցում ուսանողները նշեցին, որ և՛ ոգևորող, և՛ պարտավորեցնող է լինել ԵՊՀ ուսանողների առաջին խումբը, որը սովորում է Կատարի համալսարանում, քանի որ այնտեղ ներկայացնում են ոչ միայն իրենց, այլև մեր երկիրը:

«Հայաստանի մասին  տեղացիներին շատ քիչ տեղեկություններ են հայտնի, ուստի, սովորելուց և բարձր առաջադիմություն ցուցաբերելուց զատ, փորձում ենք հնարավորինս շատ պատմել մեր երկրի, մշակույթի, ավանդույթների, ավանդապատումների, խոհանոցի ու անվանի հայերի մասին: Մեզ համար դա, թերևս, ամենապարտավորեցնող հանգամանքներից մեկն է, քանի որ ուզում ենք ըստ արժանվույն ու գեղեցիկ ներկայացնել Հայաստանը, որ հետաքրքիր լինեն մեր մասին լսելն ու իմանալը։ Կարծում եմ՝ ստացվում է»,- ընդգծեց Արմինեն։

Ինչպես է անցնում ուսումնառությունը Կատարի համալսարանում

Կատարի համալսարանում ուսանողներն ունեն 3 առանձին դասաժամեր՝ «Արաբերեն (գրել և կարդալ)», «Արաբերեն (խոսել և լսել)», «Մեդիա», որոց շրջանակում անցկացնում են ընթերցանություն, վիդեոդիտումներ ու քննարկումներ, ներկայացնում են ելույթներ՝ սահիկաշարերի ուղեկցմամբ, մասնակցում են բանավեճերի և խաղերի, կատարում են քերականական վարժություններ և տարբեր լրատվամիջոցների բառապաշարի համեմատական վերլուծություններ, ինչպես նաև իրենք են գրում լուրեր՝ սովորած քաղաքական բառապաշարն ամրապնդելու նպատակով:

Անդրադառնալով Կատարի համալսարանի առանձնահատկություններին՝ Միլենան նշեց.

«Այստեղ կրթական գործընթացը շատ արդյունավետ է։ Առաջին առավելությունը, իհարկե, լեզվակիրների հետ ուղիղ հաղորդակցությունն է։ Դասերի շրջանակում պարբերաբար կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ դասերը դարձնելով առավել ինտերակտիվ։ Այստեղ խմբերը փոքր են, ինչը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերելու յուրաքանչյուր ուսանողի»։

Ուսանողներն ընդգծեցին նաև գնահատման համակարգի յուրահատկությունները, որոնք իրենց դուր են գալիս. միջանկյալ և վերջնական քննություններն այդքան էլ որոշիչ դեր չունեն: Առաջին հերթին հաշվի են առնվում դասերին ներկայությունը և ակտիվությունը, ինչպես նաև նորարար գաղափարները, ընթացիկ թեստերի, առաջադրանքների և վերջնական քննությունների արդյունքները:

Մշակութային առանձնահատկություններ

Արմինեն, Անահիտն ու Միլենան միաձայն նշեցին՝ ԵՊՀ «Արաբագիտություն» կրթական ծրագրում ուսումնառության 3 տարիներին հասցրել են ոչ միայն լավ տիրապետել արաբերենին, ինչի շնորհիվ Կատարում ուսումնառության ընթացքում մեծ դժվարությունների չեն հանդիպել, այլև տեղեկացել են տարածաշրջանի, բարքերի ու մշակույթի մասին: Ուսանողների համար Կատարում սովորելը ոչ միայն կրթական, այլև արաբական մշակույթն անձամբ բացահայտելու հնարավորություն է:

Խոսելով մշակութային առանձնահատկություններից՝ Արմինեն նշեց.

«Քաղաքի կենտրոնը և ծայրամասը բացարձակ տարբեր են թե՛ շինությունների տեսակներով, թե՛ զարգացվածության մակարդակով, թե՛ բնակչությամբ։ Մշակութային և սովորույթների մեծ տարբերություններ կան հայերի և արաբների միջև. այս հարցում, իհարկե, իր մեծ դերն ունի կրոնը»։

Միլենան, լրացնելով Արմինեի խոսքը, հավելեց.

«Որպես մշակութային տարբերություն կնշեմ սեռերի խիստ առանձնացվածությունը. համալսարանի մասնաշենքերում աղջիկների և տղաների համար առանձնացված են տարբեր մուտքեր, համալսարանական առանձին ավտոբուսներ, իսկ մետրոյում կան հատուկ վագոններ: Դասապրոցեսը ևս անցկացվում է առանձնացված՝ բացառությամբ Ոչ լեզվակիրների համար արաբերենի ուսուցման կենտրոնի, որտեղ մենք սովորում ենք: Ինչ վերաբերում է տեղի ժողովրդին՝ նրանք շատ բարեհամբույր են և նման են հայերին իրենց հյուրասիրությամբ»:

Անահիտն էլ իր հերթին շեշտեց, որ մշակութային շոկ չի ապրել, միայն հետաքրքիր էր ամեն ինչ սեփական աչքերով տեսնելը։

«Ինձ համար հատկապես զարմանալի է այս երկրի կայծակնային առաջընթացը վերջին տարիների ընթացքում՝ ինչպես են կարողացել ոչնչից ստեղծել ամեն ինչ և դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը, ինչ սիրով են ներկայացնում իրենց երկրի պատմությունն ու մշակույթը, կազմակերպում մշակութային տարբեր միջոցառումներ և ջանք չեն խնայում այն բոլորին հասանելի դարձնելու համար»,- ասաց Անահիտը։

Ուսում և ժամանց

Առաջին կիսամյակում դասերը սկսվել են առավոտյան 8-ին ու ավարտվել կեսօրին, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունեցել դասերից հետո հետաքրքիր առօրյա ունենալու: Նախորդ կիսամյակում նրանք հասցրել են բացահայտել ամբողջ Դոհան և հարակից շրջանները՝ այցելելով Իսլամական արվեստի թանգարան, Կատարի ազգային թանգարան, Վաքիֆ շուկա, Դոհայի նավահանգիստ, Կատարի ազգային գրադարան և այլն: Այժմ արձակուրդային շրջան է, ինչպես նաև առաջիկա կիսամյակում նոր բացահայտումների համար ծրագրերի մշակման ժամանակահատված:

Ապագայի ծրագրերը

Թեև Անահիտը, Արմինեն ու Միլենան վերջնական եզրահանգման չեն եկել, թե կոնկրետ որ ոլորտում են տեսնում իրենց ապագան, այնուամենայնիվ նրանց համար հստակ է, որ Կատարում ուսումնառելու հնարավորությունն անջնջելի հետք է թողնելու իրենց հետագա կյանքում: Նրանք վստահ են՝ ԵՊՀ-ում և Կատարի համալսարանում ստացած գիտելիքները ծառայեցնելու են ի նպաստ հայրենիքի: