ԳլխավորԽճանկար

«ԵՊՀ-ն ինձ տվել է ամենակարեւորը՝ ոչ ստանդարտ մտածելու ունակություն». Սարգիս Ջիբիլյան

Սարգիս Ջիբիլյան

Սարգիս Ջիբիլյանը կրկնակի դիպլոմով փոխանակման ծրագրով այժմ սովորում է Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսում: Ներկայացնում ենք ysu.am-ի հարցազրույցը։

— Սարգի՛ս, ինչո՞ւ հենց ԵՊՀ-ն, ի՞նչ է որոշիչ եղել ընտրության հարցում։

— Դպրոցն ավարտելուց հետո նույնիսկ մեկ վայրկյան չեմ կասկածել, որ կրթությունս շարունակելու եմ ԵՊՀ-ում: Որոշումս ընդունել եմ՝ հաշվի առնելով ֆիզիկայի ոլորտում համալսարանի ուսանողների նվաճումները և ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես կրթության շարունակականությունը: Փոխանակման ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել արտերկրի բուհերում, այլև գիտական ուսումնասիրություններ կատարելու ընթացքում՝ նաև աշխատել այնտեղ:

— Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

— Դեռ նախադպրոցական տարիքից ցանկացել եմ ունենալ մասնագիտություն, որը կուսումնասիրի բնությունը: Միջին դպրոցական տարիքում, ապա նաև ավագ դպրոցում (ավարտել եմ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը) հասկացա, որ ցանկանում եմ ֆիզիկան ուսումնասիրել խորությամբ, ինչը և հիմա փորձում եմ անել, բայց «հավերժական գիտությունն» ուսումնասիրելու համար պետք է անվերջ ժամանակ:

— Ո՞րն է ԵՊՀ-ի ու համալսարանական դասախոսների ներդրումը Ձեր հաջողություններում։

— ԵՊՀ դասախոսներից շատերն են մեծապես նպաստել իմ հաջողություններին, ինչի համար շնորհակալ եմ: Ֆիզիկայի ֆակուլտետում սովորելը, մասնագիտական գիտելիքներից բացի, զարգացրել է ինքնուրույն մտածելու, ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու ունակությունը: Դա, ըստ իս, իմ ամենակարևոր ձեռքբերումն է:

-Կրթական ի՞նչ նորարարություններ կցանկանայիք տեսնել ԵՊՀ-ում։

— Տեսական գիտելիքների առումով Մայր բուհը գրեթե ոչնչով չի զիջում եվրոպական բարձրակարգ բուհերին, սակայն ԵՊՀ-ն ունի լաբորատորիաների, իսկ ուսանողները՝ գործնական գիտելիքի պակաս: Համալսարանում անհրաժեշտ փոփոխություններից ամենակարևորը, թերևս, նորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն է ուսումնական գործընթացում: