Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

Ինչո՞ւ է ԵՊՀ-ն QS World University Ranking-ում զիջել դիրքերը, ո՞ր դիրքերում են հարեւան երկրների բուհերը

ԵՊՀ

Usanogh.am-ն արդեն ներկայացրել է QS World University Rankings-ի`  աշխարհի 2023-24 թվականների լավագույն համալսարանների վարկանիշային ցանկը` ներառելով 104 երկրների 1497 ուսումնական հաստատություն։

Ուշագրավ է, որ Հայաստանի բուհերից միայն Երեւանի պետական համալսարանն է ցանկում՝ կիսելով 1001-1200-րդ տեղերը: Մինչդեռ նախորդ տարի այն Ռուս-հայկական համալսարանի հետ զբաղեցնում էր շատ ավելի բարվոք դիրք` 801-1000-րդ: Իսկ ի՞նչն է պատճառը, որ Մայր բուհը զգալիորեն զիջել է դիրքերը։

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ QS World University Ranking-ն այս տարի նոր մեթոդաբանությամբ է վարկանիշային աղյուսակը կազմել և նոր չափորոշիչներով է գնահատել բուհերին.

«Եթե նախորդ տարվա չափորոշիչները գործեին, ԵՊՀ-ն առնվազն կմնար նույն դիրքերում կամ նույնիսկ հավանական է, որ առաջընթաց կգրանցեր: Հիմա մենք ուսումնասիրում ենք այդ նոր չափորոշիչները և քայլեր ենք ձեռնարկում դրանց համապատասխանելու, առաջընթաց գրանցելու ուղղությամբ»,-ասաց նա:

Իսկ կոնկրետ ի՞նչ պահանջներ չի կարողացել բավարարել բուհը. ԵՊՀ մամուլի խոսնակի խոսքով` չափորոշիչների թվում ավելացվել են, օրինակ` բուհերի միջազգային հետազոտական կապերը, բուհի գործունեության շրջանակում շրջանավարտների ներգրավվածությունն ու կայունությունը.

«Շրջանավարտների ներգրավվածության մասով մենք արդեն շրջանավատների համայնքի ստեղծման աշխատանքներ ենք մեկնարկել, բազա ենք հավաքում, տարբեր միջոցառումներ ենք կազմակերպելու. այս մասով արդեն մեծ ծավալով աշխատանքներ են արվում: Ինչ վերաբերում է միջազգային գործընկերներին, ընդլայնում ենք գիտահետազոտական կապերը, նոր գործընկերներ ձեռք բերելուն ուղղված քայլեր ենք իրականացնում»,-եզրափակեց Քնար Միսակյանը:

Նշենք, որ տարածաշրջանից առաջատար են Թուրքիան և Իրանը: Ստամբուլի տեխնիկական համալսարանն, օրինակ, 404-րդ տեղում է, Անկարայի պետական համալսարանը` 901-950-րդ տեղերում: Թեհրանի պետական համալսարանը վարկանիշային աղյուսակում 360-րդ հորիզոնականում է, Իրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը` 451-րդ:

Ինչ վերաբերում է մեր հարևան Վրաստանին, QS World University Rankings-ում 2 համալսարան է ներառված` Թբիլիսիի պետական համալսարանը, որը 801-850-րդ տեղերում է և Վրաստանի տեխնիկական համալսարանը (1401):

Ադրբեջանից միջազգային վարկանիշային աղյուսակում 3 համալսարան է ներառված` Բաքվի պետական համալսարանը, որը 1001-1200-րդ տեղերում է, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը, որը կրկին նույն հորիզոնականում է և Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական համալսարանը, որը 1201-1400-րդ տեղերում է:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ