ԳլխավորԼուր

ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը շարունակվում է

ԵՊՀ շրջանավարտների ավարտական երեկոն (2023)

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում այսօր երեկոյան մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների՝ արդեն ավանդական դարձած ավարտական տոնական միջոցառումը, որի նպատակն է հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։

Այս տարի համալսարանն ունի բակալավրիատի 2223 առկա ուսուցմամբ ու 299 հեռակա ուսուցմամբ շրջանավարտ և մագիստրատուրայի 743 առկա ուսուցմամբ շրջանավարտ։

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի օրհներգերով, որոնք կատարեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով 2022/2023 ուստարվա բոլոր շրջանավարտներին, հաջողություն մաղթեց նրանց հետագա նախաձեռնություններում և հորդորեց հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը՝ մշտապես մնալով «Երևանի պետական համալսարան» ընտանիքի անբաժանելի մասնիկն ու անդամը:

Ավարտական միջոցառման այս տարվա հիմնական բանախոսը ԵՊՀ շրջանավարտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, որն անդամակցում է համալսարանի հոգաբարձուների խորհրդին և որի նախաձեռնությամբ իրավագիտության ֆակուլտետում գալիք ուսումնական տարում մեկնարկելու է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» կրթական ծրագիրը։ 

ԵՊՀ շրջանավարտների ավարտական երեկոն (2023)
ԵՊՀ շրջանավարտների ավարտական երեկոն (2023)

Ե․ Կիրակոսյանը, անդրադառնալով համալսարանում արդեն իսկ ավանդույթ դարձած այս միջոցառմանը, առանձնակի կարևորեց այն, որ միջոցառումը մասնագիտական կարիերայում որոշակի ուղի անցած ԵՊՀ շրջանավարտին հնարավորություն է տալիս իր փորձով և գաղափարներով հրապարակավ ցույց տալու հաջողության հասնելու ճանապարհը։

Մատնանշելով կարիերայի ստեղծման գործում համալսարանի դերակատարումը՝ Ե․ Կիրակոսյանը մատնանշեց․ «Ժամանակակից աշխարհում գիտելիք ստանալը խնդիր չէ։ Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում գիտելիք և տեղեկատվություն հնարավոր է ստանալ հեշտությամբ։ Հետևաբար համալսարանական կրթության հաջողության ամենակարևոր նախադրյալներից մեկը, եթե ոչ ամենաորոշիչը, մարդուն մեթոդաբանական գիտելիքով, մտածելու և վերլուծելու ունակությամբ, ինչպես նաև մասնագիտական հմտություններով զինելն է։  Այս ամենը ձեզ համար հետագայում ծառայելու է որպես գործիք և բանալի՝ ցանկացած մարտահրավեր հաղթահարելու և տարբեր դռներ բացելու համար»։

Շրջանավարտներին տալով մասնագիտական ու անձնային զարգացմանն ուղղված խորհուրդներ և ամփոփելով խոսքը՝ Ե․ Կիրակոսյանն ընդգծեց․ «Այսօրվա աշխարհում կատարվող ցանկացած երևույթ հասկանալու համար գրեթե բոլոր դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել միջգիտակարգային կամ միջճյուղային մոտեցում։ Մի՛ սահմանափակվեք սոսկ ձեր մասնագիտությամբ․ աշխարհը շատ ավելի խորն ու բազմաշերտ է, և հնարավոր չէ այն հասկանալ միայն մեկ դիտանկյունից։ Եղե՛ք լայնախոհ և միշտ պատրաստ՝ ընդունելու նորը»։

ԵՊՀ բոլոր շրջանավարտների անունից ելույթ ունեցավ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրոս Հասմիկ Սարգսյանը՝ խոսելով համալսարանական տարիների, մասնագիտական ձեռքբերումների և դրանցում ԵՊՀ ունեցած դերի մասին։

Միջոցառման ժամանակ ներկայացվեց ԵՊՀ-ում ստեղծվող շրջանավարտների համայնքը՝ իր բաղադրիչներով։ Համայնքի շնորհիվ համալսարանն իր շրջանավարտներին ընձեռում է համալսարանական միջավայրում շարունակական ներգրավման, համալսարանի ու միմյանց հետ հաղորդակցվելու և համագործակցային բազմաթիվ հնարավորություններ։

ԵՊՀ շրջանավարտների ավարտական երեկոն (2023)
ԵՊՀ շրջանավարտների ավարտական երեկոն (2023)

Ցանցի հիմքում փոխկապակցված երկու միավորներ են՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու շրջանավարտների ներգրավմամբ և նրանց անմիջական մասնակցությամբ ձևավորված ցանցի կառավարման համակարգը։ Այս համակարգի շնորհիվ ԵՊՀ-ն հանձն է առնում իրականացնել կազմակերպական և հաղորդակցական գործառույթները, իսկ շրջանավարտները՝ ցանցի բովանդակային բաղադրիչը ձևավորելու պարտավորությունը։

Շրջանավարտների համայնքի ներկայացուցիչները հատուկ զեղչով հնարավորություն կունենան օգտվելու ԵՊՀ հյուրերի տնից, համալսարանի տարբերանշանով ապրանքներից, ԵՊՀ տարածքի վարձակալությունից, մարզասրահից, ինչպես նաև համալսարանի գրադարանից։

Այնուհետև պաշտոնական մասին հաջորդեց շրջանավարտների համար կազմակերպված տոնական համերգը, որի ժամանակ կատարումներով հանդես են գալիս «Kami Friends», «By The Way» և «The Band» երաժշտական խմբերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում, որտեղ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանին, և վկայագրեր են հանձնվել համալսարանի՝ գիտական աստիճան ստացած շրջանավարտներին։